03 Dec

Այսօր ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի և Գիտական գրադարանի նախաձեռնությամբ Մանկավարժական համալսարանում էին ղարաբաղյան շարժման առաջնորդներից Մովսես Գորգիսյանի այրին ՝ Ռուզաննա Գորգիսյանն ու թոռը՝ կրտսեր Մովսեսը:
PHM_5746
Առիթը հերոսի ծննդյան օրն էր, իսկ հանդիպման վայրն էլ պատահական չէր ընտրված. ժամանակին հենց Մանկավարժականում է Մովսես Գորգիսյանը ստացել բարձրագույն կրթություն՝ մասնագիտանալով ռեժիսուրայում:

«Պատմության ողջ ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ, որոնցով ազգը որոշել է իր ճակատագիրը, էությունը, մոտեցել իր արմատներին.մենք հերոսների ազգ ենք: Հպարտության մի ամբողջ դաս ու տարածք է այն իրականությունը, որը դուք՝ որպես անկախության սերունդ, ապրում եք»,- նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու հիշեց Վազգեն Վեհափառի հայտնի տողերը.«Այն ազգը, որ չունի հերոսներ, չի գոյատևում»,- սա վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար գնացին իրենց անձի, կյանքի, ապագայի կորստյան ճանապարհով՝ ազգին ծառայելու համար:

Հանդիպման ընթացքում Մովսես Գորգիսյանի մասին զեկույցով հանդես եկավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Արուսյակ Գևորգյանը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը, անցած ուղին, հետաքրքիր դեպքեր՝ Մովսես մարդու, հայի, հերոսի մասին:
PHM_5755

«Օրհնյալ լինի ծնունդդ Մովսես, քանզի դու այն երջանկահիշատակ մարդկանցից ես, ում ծննդյան օրն օրհնյալ է ողջ հայության համար»,-հանդիպման ընթացքում նշեց Ռուզաննա Գորգիսյանը՝ նկատելով՝ Մովսեսն այսօր շատ ավելի ողջ է, օգտակար իր խորհուրդներով, քան շատերը, որ պարզապես ապրում են:
Մանկավարժական համալսարանում ընդունելության քննության ժամանակ հանդիպած և միմյանց հավերժ կապված հերոսի կինը անկեղծացավ՝ Մովսեսն իր համար մնաց ոչ միայն համակուրսեցի, դստեր հայր, կիսատ և չապրած տարիների ընկեր, ամուսին, այլև մարդ, ում ճանաչեց նրա երկնային կյանքի 26 տարիների ընթացքում. «Գուցե սխալ վարվեցի այս տարիներին «ապրելով» նրա հետ, սակայն Մովսեսն ինձ համար այդպես էլ չդարձավ հանգուցյալ: Նա ապրեց 28 տարի, սակայն կրթեց մի ողջ սերունդ: Մանկապարտեզը, դպրոցն ու բուհը այն վայրերն են, որ ինձ ստիպում են երջանիկ զգալ. իմ չապրած կյանքի, անձնական ողբերգության, լավագույն օրրանը դուք եք»:
Ռուզաննա Գորգիսյանն նկատեց, որ չափազանց համեստ է եղել գնահատականներում, սակայն տարիների ընթացքում Մովսես Գորգիսյանի մասին ժլատ խոսքերը, ստիպում են ըստ արժանվույն արտահայտվել նրա անձի մասին.«Ես ամեն օր կռվում եմ նրա հետ և պահանջ ունեմ նրանից. նա պատասխան պետք է տա, որովհետև թափուր մնաց Մովսես Գորգիսյան քաղաքական, հասարակական, ազգային գործչի, մարդու տեղը: Նա հայ ժողովրդի ամենավառ, բացառիկ, հայի հավաքական կերպար է, ով ծնվեց, մեծացավ ժողովրդի աչքի առաջ. նա նրանցից մեկն էր: Նրա անկեղծությունն էր, որ գնահատվեց»,-հավելեց Ռուզաննա Գորիգիսյանը:
Վերջինս նշեց, որ Մովսես Գորգիսյանի երազած Հայաստանը մասամբ է իրականացել՝ որպես ազատ և անկախ պետություն, բայց այն հայրենիքը, որը պետք է լինի հզոր, արդար, իրավական՝ դեռ անելիքներ ունի, Մովսեսի և մեր երազած Հայաստանը կառուցելու համար.«Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը»,- մեջբերելով հերոսի խոսքերը՝ եզրափակեց Ռուզաննա Գորգիսյանը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը Զորավար հիմնադրամի կողմից Մովսես Գորգիսյանին հետմահու պարգևատրեց «Հայ ժողովրդի վրիժառու բազուկ. Սողոմոն Թեհլերյան» մեդալով՝այն հանձնելով կրտսեր Մովսեսին:
PHM_5742

Ռուզաննա Գորգիսյանը շնորհակալություն հայտենց հանդիպման համար և բարձր գնահատեց հարազատ կրթօջախի դրական փոփոխությունները:

Աղբյուրը ՝ http://aspu.am/