28 Dec

Այսօր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի ֆակուլտետային ուսանողական խորհուրդների, ակումբների և հանձնաժողովների ղեկավարներին՝ ամփոփելու անցնող տարվա արդյունքներն ու նախանշելու գալիք տարվա անելիքները:

Նշանակալի հաջողությունների և ձեռքբերումների մաղթանքներով ռեկտորը շնորհավորեց ՈւԽ կառույցների ներկայացուցիչների Նոր տարին և Սուրբ Ծնունդը, ապա ներկայացրեց հանդիպման նպատակը՝ հույս հայտնելով, որ այն կլինի գործնական և երկուստեք արդյունավետ:

Լուսանկարահանման տաղավար, փորձարարական լաբորատորիաների ստեղծում, պլեներային պրակտիկայի բարելավում և այլ առաջարկներ, որ ներկայացրին տարբեր մասնագիտությունների գծով ուսանողները՝ ռեկտորի և պրոռեկտորների հետ քննարկելով ուսումնական պրոցեսում իրենց կարիքների անհրաժեշտությունը:

Բուհի ղեկավարը հավաստիացրեց, որ այս տարում ևս բուհում կստեղծվեն 4 նոր լաբորատորիաներ, կհամալրվեն սարքավորումներով՝ ուսումնական պրոցեսը համահունչ դարձնելով ժամանակի պահանջներին և կրթական մարտահրավերներին:

Ռեկտորը ուսանողներին դիմեց նաև վերջերս ուսումնական պրոցեսում ներդրված նոր՝ ինտերակտիվ մեթոդի մասին հանդես գալ առաջարկներով, բարձրաձայնել դրանց վերաբերյալ իրենց նկատառումների մասին՝ ի նպաստ նոր մեթոդի արդյունավետ կիրառման:

«Առաջիկա տարվա անելիքները ևս շատ են. համալսարանը ձեր բոլորի տունն է, եղեք հոգատար, աշխատասեր, որ միասին գրանցենք նոր նվաճումներ և հաջողություններ»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում ուսանողական ակտիվ և արգասաբեր գործունեության համար:
Աղբյուրը ՝http://aspu.am/