24 Apr

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմն ու ուսանողները այս տարի ևս միացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարվող բազմամարդ երթին:

Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

«Չդատապարտված ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ», «ՈՉ մարդկության դեմ իրականցրած բոլոր տեսակի հանցագործություններին», «Ճանաչում, դատապարտում հատուցում» և նման այլ պահանջատիրական բովանդակությամբ պաստառներով ապագա մանկավարժներն հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության կոչերով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի դասախոս Էդուարդ Շարմազանովի կարծիքով ապրիլի 24-ը ոչ թե լացի, այլև միասնականության օր է` ապացուցելու համար, որ չնայած հային կոտորել են, բայց նա է եղել է, կա ու կլինի. «Յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է իր ապագայի դարբինը` անկախ նրանից, թե ինչ են ցանկանում քոչվորները: Հետագա պայքարը պետք է տանել բոլոր ռազմաճակատներով` գիտություն, կրթություն, մշակույթ, դիվանագիտություն և բարոյականություն. այստեղ է, որ մեծ անելիքներ ունեն նաև ապագա մանկավարժները»,-նշեց Էդուարդ Շարմազանովն ու վստահեցրեց` հայի պայքարի առանցքում 2 բլուր պետք է լինի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Եռաբլուրը:

Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը վստահ է` մոտ է այն օրը, երբ թշնամին կընդունի իր մեղքը, քանի որ պայքարին միացել է աշխարհի ողջ հայությունը:

«Պետք է լինենք ուժեղ, հզոր և միասնական, որ կարողանանք խաղաղություն պարտադրել»,-նշեց Արա Գևորգյանն ու հավելեց, որ ինքը շարունակելու է իր արվեստի միջոցով միջազգային բեմերից պահանջել ընդունելու 101 տարի առաջ իրականացված Ցեղասպանությունը:
79c6903f58ce12a3cb

Աղբյուրը՝ aspu.am