12 Oct

Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը եռօրյա այցով Հայկական երկրորդ հանրապետությունում էր: Արցախ այցի նպատակը ինչպես գործնական էր, այնպես էլ ճանաչողական. «աբովյանականները» մասնակցեցին տարաբնույթ միջոցառումների, եղան պատմամշակութային վայրերում, այցելեցին սահմանամերձ զորամաս, իսկ Արցախի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում մշակեցին հետագա անելիքները:

Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը մասնակցեց Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մեծ շուքով նշվող Բերքի տոնին:

Այս տարի ևս տոնին առանձին տաղավարներով մասնակցեցին Արցախի գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունները: Արցախի բոլոր շրջաններից մայրաքաղաք ժամանած գյուղմթերք արտադրողները տոնական սեղաններ էին բացել՝ ներկայացնելով իրենց ձեռքով մշակած ու պատրաստած բերքն ու բարիքը:

Միջոցառման սկզբում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց հայրենի հողի մշակի արտադրած բերքն ու մաղթեց առատություն: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ևս շրջեց տաղավարներով, համտեսեց և ծանոթացավ ներկայացված արտադրանքին՝ ընդգծելով, որ բարի ավանդույթներն անհրաժեշտ է պահպանել ու շարունակաբար զարգացնել:

Միջոցառմանը մասնակցեց նաև Մանկավարժական համալսարանը, որի կազմում էին պրոռեկտոր Արմեն Թամազյանը, գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ, ռազմական հոգեբան Հակոբ Թադևոսյանը, ուսանողներ՝ Ուսանողական խորհդի նախագահ Ներսիկ Մարգարյանի գլխավորությամբ:

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և Երաժշտության բաժինների ուսանողներն ազգագրական պարերի շարանով և ազգային երգ ու պարով բարձրացրին ներկաների տրամադրությունը: Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Աբրահամյանի կարծիքով՝ նման միջոցառումները ոչ միայն բարձրացնում են ներկաների տրամադրությունը, այլև հայրենասիրություն ու մարտական ոգի են հաղորդում. այն, ինչն այսօր անհրաժեշտ է մեր ժողովրդին:
Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը բերքի տոնի բարձր տրամադրությունն իր հետ տարավ Մեխակավանի զորամաս, որտեղ զինվորները կազմ ու պատրաստ սպասում էին «աբովյանականներին»:
Աղբյուրը՝ https://aspu.am

27fc237b2e02f76a52

cf85948e25e4bf59d6
56def9304fc7ec449e