13 Oct

ՀՊՄՀ ՈՒԽ Սոցիալական հանձնաժողովի և Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Սոցիալական հանձնաժողովի համագործակցությամբ տեղի ունեցավ <<Աղջիկ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը Հայաստանում>> խորագրով սեմինար-քննարկում, որը նվիրված էր աղջիկ երեխայի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները: Սեմինար-քննարկումը վարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը: Քննարկումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում: Սեմինարն ամբողջացվեց կարճամետրաժ ֆիլմով, որից հետո սկսվեց բուռն քննարկում: Ուսանողների ակտիվ քննարկումից առաջանում էին բազմապիսի հարցեր, որոնց սպառիչ պատասխանները չէր ուշանում: Մեր այն հարցերին, թե որն էր սեմինար- քննարկման նպատակը, ակնկալիքները, սպասելիքները և իրականությունը, Սոցիալական հանձնաժողովի նախագահ Անի Խաչատրյանը պատասխանեց.
– Մեր գլխավոր նպատակը երիտասարդներին իրազեկելն էր մեր հասարակությունում արմատներ գցած մի այնպիսի արատավոր երևույթի մասին՝ ինչպիսին է աղջիկ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը: Մենք հատկապես կարևորում ենք ապագա մանկավարժների հետ նման սեմինարի անցկացումը, քանի որ հենց մեզ է տրված այն առաքելությունը, որ հնարավորություն է տալիս կրթել ու դաստիարակել սերունդներին: Մենք պետք է լինենք տեղեկացված և մեր գիտելիքները հաղորդենք մեր սաներին: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները այսօր մեծագույն սպառնալիք են մեր հասարակությանը, ի վերջո բոլորս պետք է գանք այն համոզմանը, որ երեխան Աստծո պարգևն է, անկախ նրա սեռից: Եթե ուզում ենք ապրել հզոր երկրում և առողջ հասարակությունում, ապա մենք չպետք է խախտենք այն օրենքները, որը գրում է բնությունը:
Սեմինարը իր տրամաբանական ավարտն ունեցավ կազմակերպիչների շնորհակալական խոսքերով:
1

2