02 Apr

Այն, ինչ կապված է իմ ժողովրդի պատմության, կրած տառապանքների, փառահեղ հաղթանակների հետ, մակերեսային պատկերացում չի ընդունում: Թերևս սա է այն հիմնական թիրախը, որը նշանառության տակ կարող են վերցնել մեր դարավոր հակառակորդները. գիտելիքի պակաս սեփական պետության և պետականության վերաբերյալ: Մենք չիմանալու իրավունք չունենք, մենք պահանջատեր ենք, իսկ այդ պահանջները օդից վերցված չեն, բայց, ցավոք, օդում կախված են դեռևս: Գ. Նժդեհը դիպուկ էր նկատել. «Ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը»: Իսկ մենք ունենք հազարամյակների հարուստ պատմություն, որը ներկայանում է օրացույցի վրա սևով նշված օրերի ու լուսավոր էջերի հերթափոխով: Լուսավոր էջեր, որոնք պսակվել են փառահեղ հաղթանակներով…. Բայց այդ հաղթանակներն էլ իրենց գինն ու գույնն են ունեցել. արյուն և կարմիր… կյանք ` կյանքի դիմաց: Հայերիս պատմության մեջ մայիսն առանձնանում է. այն հաղթանակների ամիսն է: Բայց ակներև է, որ այդ հաղթանակները մեկ օրում չեն ծնվել. դրանք ամիսների, տարիների ու դարերի կյանքեր են խլել: Մայիսին նախորդող ամիսն էլ չէր կարող անմասն մնալ այդ հաղթանակների ցավից ու բերկրանքից: 2016 թվական…. Ապրիլ…. Գարունը այնքան ծաղիկ էր վառել: Բայց այդ ծաղիկները դատապարտված էին ներկվելու արյամբ, հաղթանակի’ արյամբ: Ժողովուրդն ասում է, թե նահանջ տարի էր, թե մենք էլ աննահանջ կամքով, բայց և հանգիստ սրտով մեր առօրյա գործերն էինք անում, մենք կռվել չենք ուզում, բայց նահանջել էլ չենք կարող, նահանջելու տեղ էլ չկա…
Եվ ահա ցնցվեց մեր հոգին…
Քառօրյա… բառ, որն արտասանելիս ակամա սարսռում են, քարանում, բայց հպարտ կեցվածք ընդունելով՝ ասում «Ես իրենց սերնդակիցն եմ»:
Եվ այսօր մեկ տարի է անցել այդ չարաբաստիկ քառօրյայից, որը դրոշմվել է յուրաքանչյուր հայի սրտում և պատրաստ է ամեն պահի կայծակի պես մաքրելու թուխպերը Հայոց երկնքից, չթողնելու խավարի ոչ մի ծվեն՝ մեր Հայրենական հարկի ներքո:
Եվ ասել, որ քառօրյա պատերազմը մեզ համար սովորական ու սասված էժանագին մի դիվերսիա էր, կլինի ամպագոռգոռ հայտարարություն: Հակառակորդի արկերի ու հրթիռների լույսը բացահայտեց մեզ համար պարզ և, միևնույն ժամանակ, բավականին բարդ ճշմարտություն. Ինչքան էլ ասենք, որ մեր բանակը ամենամարտունակն է, հրաշալի պատրաստված ու տոկուն, միևնույնն է, չենք կարող չընդունել, որ նման զինատեսակների ու «ոչինչ կորցնել չունեցող» մարդանման արարածների դեմ մեր մարտունակությունն ու թասիբը քիչ են… Այո՛, թասիբը, որը հայ ժողովրդին բնորոշ հատկություն է, ազգային արժեք:
Ապրիլյան քառօրյան եկավ ապացուցելու, որ պատերազմը ոչ միայն դե յուրե ավարտված չէր, այլև դե ֆակտո շարունակվում է:
Մեր անմեղ զոհերի կյանքը մեր հոգեբանության մեջ կնքեց հաղթանակած և հաղթաց հայ ժողովրդի զավակներ պատվանունը: Ամեն դեպքում՝ մեկ բան անդրժելի է. մեր հույսը մենք ենք միայն:
Եվ արդեն չկա ճիշտ ու սխալ, արդար ու անարդար… կա միայն հաղթող ու պարտված և… ի վերջո, միշտ էլ հաղթողն է արդարացի, իսկ պարտվածը՝ մեղավոր:
Այն հայորդիները, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն ժողովրդի ու հանուն հայրենիքի, անմահացան… նրանք մեզ հետ են ամենուր, նրանք գնացին գիտակցված անմահության: Զգացում, որը պարուրում է սահմանին կանգնած ամեն զինվորի սիրտ: Նենգությունն ու պատվախնդրությունը հակադիր բևեռներ են. դրանք, երևի, գենետիկորեն են փոխանցվում:
Մենք կռվարար ազգ չենք: Չէ՛… բայց մենք չենք խոնարհվի սեփական ոչինչ չունեցող ժողովուրդների առաջ:
Խոնարհվում ենք ձե՛ր առաջ, մեր քաջ հայորդիներ: Դուք, որ կյանքեր եք պարգևում, դուք անմահ եք…
Հեղ. Լիլիթ Գևորգյան