15 May

Մանկավարժական համալսարանում կայացավ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազամակերպվող ամենամյա միջֆակուլտետային մրցաշարի փակման հանդիսավոր արարաղությունը, որին ներկա էր բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Երկշաբաթյա համառ պայքարի արդյունքում՝ ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, շախմատի, սեղանի թենիսի և հրաձգության սպորտաձևերում 17 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի թիմը:

Բուհի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմը 10 միավորով զբաղեցրեց մրցանակային 2-րդ, իսկ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմը 8 միավորով՝ 3-րդն էր:

Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը, այդ թվում՝ ՀՊՄՀ-ի №57 դպրոցի սաները ստացան խորհրդանշական գավաթներ և պատվոգրեր:

««Կարևորը մասնակցությունն է» օլիմպիական կարգախոսն իմաստուն է, հանճարեղ և մնայուն: Անկախ մրցանակային տեղերից շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, իսկ հաղթող թիմին մաղթում հաջողություն: Մեզ համար մեծ ուրախություն է վարժարանի հաղթանակը. այն մեկ անգամ ևս ապացուցում է՝ լուրջ ապագա ունենք»,- հաղթական գավաթը հանձնելով թիմին՝ նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու ցանկություն հայտնեց, որ մասնակիցներից շատերն իրենց հետագա ուսումը շարունակեն հենց Մանկավարժական համալսարանում:

Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանն էլ նկատեց՝ ընթացիկ շաբաթներն իսկական սպորտային տոն էին բուհում՝ առողջ մրցակցությամբ, համառ պայքարով և գեղեցիկ հաղթանակով:

Ամբիոնի վարիչը ցանկություն հայտնեց, որ ուսանողներին ակտիվ և առողջ պահող միջոցառումները բուհում առավել հաճախ կազմակերպվեն.դրանք նպաստում են, որ ուսանողական օրերը լինեն գրավիչ և հետաքրքիր պայքարով լի:

«Ցանկացած գործ սկսելիս մտածում եմ հաղթանակի մասին.պարտությունն ինձ համար չէ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի Հենակետային վարժարանի Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արման Սմբատյանն ու խոստովանեց՝ նույն սկզբունքով առաջնորդել է նաև թիմի մասնակիցներին:

Վերջինս հավելեց, որ անցած տարի մրցաշարում եղել են երկրորդը.այս տարի մարզումները սկել են դեռևս սեպտեմբերից, կազմել են աղջիկների և տղաների թիմեր, ապա ընտրել լավագույններին՝ձևավորելով մրցունակ թիմ:

ՀՊՄՀ-ի վարժարանի լրագրության հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Մելիքսեթյանն էլ հաղթանակի գրավականը համարեց թիմի միասնականությունը. մշտապես սատարել են միմյանց, օգնել, դժվարությունները հաղթահարել միասին:

Վարժարանի սանի համար մասնակցությունը միջֆակուլտետային մրցաշարին կարևորվել է ոչ միայն հաղթանակով, այլև մասնագիտական կողմնորոշմամբ: Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ շփման արդյունքում որոշել է՝ ուսանողական տարիները ևս կանցկացնի այստեղ:
Աղբյուրը՝ https://aspu.am43f459f14b270fce49

73fc4e68c6d5f676b4

cd2f44fb5e4ee25ec9

ec67ebd252da120ae5

feadf31c1ab825fbf1

IMG_6990