09 May

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման տարեդարձերի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

Փառավոր հաղթանակների և պատմական մեծ նշանակություն ունեցող տոների առթիվ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ այս տարի ևս նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա շարժվեցին «Հաղթանակի» զբոսայգի:

Ծաղկեպսակ դնելով անմար կրակի մոտ` աբովյանականները գլուխ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

Մանկավարժական համալսարանի Գրադարանի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի կարծիքով՝ եռատոնը մեծ նշանակություն ունի ինչպես հայ ազգի, այնպես էլ ողջ մարդկության համար:

«Ամեն պատերազմ ունի իր կարևորագույն քայլը. Հայրենական մեծ պատերազմում մեր հայրերի տարած հաղթանակը ոգեշնչեց արցախյան հերոսներին, իսկ Շուշիի ազատագրումն իր նշանակությամբ համարժեք էր մի ողջ պետության ստեղծման: Հաղթանակների տանող քայլերը խթան հանդիսացան, որ պատերազմի մասնակիցների սերունդներն ու շառավիղները տարբեր տարիներին թույլ չտան թշնամուն իրականացնելու սեփական երազանքները»,-նշեց Տիգրան Պետրոսյանցն ու վստահեցրեց, որ հայազգի յուրաքանչյուր զինվոր իր մեջ կրում է նախնիների քաջությունն ու վճռականությունը՝ պատմության մեջ մշտապես պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:

Տիգրան Պետրոսյանցը կարևորեց նաև Մանկավարժական համալսարանի` եռատոնի առթիվ ամեն տարի կազմակերպվող երթը` վստահեցնելով, որ ապագա մանկավարժը նախ իր մտածողության մեջ պետք է հայրենասիրություն ունենա, որ կարողանա այն փոխանցել եկող սերունդներին:
Աղբյուրը՝ https://aspu.am
4b2cf14a0d3362bf32

983ac483a4559a95ee

df90909c7e9040bdcd