18 May

Վերջին շրջանում ուսանողների բարձրացրած մի շարք խնդիրներից ելնելով և համաձայն Ուսանողական խորհրդի կանոնադրության 19-րդ կետի՝ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հրավիրել էր խորհրդի ընդհանուր ժողովի նիստ: Նիստի օրակարգում քննարկվեցին ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման, ուսանողական խորհրդի հետագա գործունեության մասին և այլ հարցեր:

ՙԱյս տարիներին մենք փորձել ենք և, կարծում եմ, մեզ հաջողվել է հաստատել արդարության և հավասարության սկզբունքները: Առանց որևէ խտրականության, առանց որևէ տարանջատման՝ բոլորին տրվել է հնարավորություն մասնակցելու բազմաթիվ մրցույթների ու ծրագրերի: Ըստ արժանվույն խրախուսվել են բարձր առաջադիմությամբ ուսանողները: Իհարկե, եղել են նաև որոշակի թերություններ, սակայն հավաստիացնում եմ այն դեպքերն ու դրսևորումները, որոնք դիտվել են սխալ կամ անընդունելի, ունեցել են միայն մեկ նպատակ՝ լուծել ուսանողների խնդիրները՚,- ասաց Ուխ նախագահ Ներսիկ Մարգարյանը:

Վերջինս նկատեց, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ընտրելու իր քաղաքական կուսակցությունը և արտահայտելու իր դիրքորոշումը, սակայն այն որևէ առնչություն չպետք է ունենա ուսումանական գործընթացի հետ: Քաղաքական քարոզչությունը արգելվում է ընդհանրապես բուհական համակարգում:

ՙՈւսանողական խորհուրդը յուրահատուկ դարբնոց է այն մարդկանց համար, ովքեր անցնում են այդ կառույցով և դառնում են մի բաղադրիչն այն մեծ ընտանիքի, որի հիմքում ընկած է ընկերությունը: Մեր ընկերության այդ մեծ շղթան համալրում են տարբեր հայացքների տեր մարդիկ: Մեր գլխավոր նպատակը մեկն է՝ լինել ուսանողների կողքին, խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը՚,- ասաց Ներսիկ Մարգարյանը:

Այնուհետև ուսանողները հարցուպատասխանի միջոցով բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը, դրանք տարաբնույթ էին՝ քվեարկության դրված հարցերի ընտրության կարգից մինչև ուսանողական խորհրդի անդամների ապակուսակցականացում:

Ուսանողական խորհրդի ընդհանուր ժողովի քննարկումների արդյունքում որոշվեց հաստատել ուսանողական խորհրդի հետագա գործունեությունը և այն, որ ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական:

Ընդհանուր ժողովի 180 պատվիրակից ժողովին գրանցվել էին 135-ը, որոնցից ընտրությանը մասնակցեց 98-ը: 72 կողմ, 1 դեմ, 25 ձեռնպահ արդյունքով էլ որոշվեց ստեղծել առողջ միջավայր յուրաքանչյուր ուսանողի համար՝ հպարտորեն սովորելու տվյալ ուսումնական հաստատությունում:

Ներկաները դատապարտեցին բոլոր տեսակի հետապնդումները մարդու քաղաքական հայացքների համար, պահանջները, որոնց համաձայն մարդ պետք է ազատվի աշխատանքից կամ չզբաղվի հասարակական գործունեությամբ որևէ կուսակցության անդամակցելու պատճառով, քաղաքական քարոզն ու կոչերը ուսումնական հաստատությունների տարածքում, ինչպես նաև ամրագրեցին յուրաքանչյուր ուսանողի այս կամ այն ուսանողական կամ հասարակական կառույցներին ու խմբերին անդամակցելու ազատ իրավունքը:

Նիստին, բացի պատվիրակներից, ներկա էին նաև անկախ դիտորդներ:
Աղբյուրը՝ https://aspu.am
7838ac0ecd1dd3d5fb

e30b2180fc6ccbe811