08 Oct

«Երդվում եմ, Ուսուցչապե’տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին»,-երդման հանդիսավոր արարողության ժամանակ նշեցին ՀՊՄՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսերի շուրջ 550 ուսանողները՝ խոստանալով հավատարիմ մնալ այն կոչմանը, որին հավատարմագրվել են կամովին:

Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում անցկացվող ամենամյա տոնական միջոցառմանը ներկա էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրազախանյանը, բուհի պրոֆեսորդասախոսական կազմը, հյուրեր:

Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով կարևոր օրվա առթիվ և բարի երթ մաղթելով ուսանողներին, նշեց՝ դասախոսական 37-րդ տարին է, որ դիմավորում է 1-ին կուրսեցիներին և նկատում է՝ տարեցտարի ունենում ենք ուսանողների նոր տեսակ ու որակ:

«Մենք գիտակցում ենք, որ համատեղ հաջողություններ կունենանք միայն այն դեպքում, երբ զուգակցենք նոր ժամանակների, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններն ու ուսուցման ավանդական որոշ եղանակները: Կստանանք որակ, որը ձեզ համահունչ կդարձնի 21-րդ դարի ուսուցչի պահանջներին»,-նշեց բուհի ռեկտորն ու վստահեցրեց՝ ապագայի ուսուցիչն է կերտելու մեր ազգային դիմագիծը, իսկ դրանից ավելի բարձր կոչում գոյություն չունի:

Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը աբովյանականների նոր սերնդին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու մաղթանքները նոր ուսումնական տարվա առթիվ և խոստովանեց՝ հիացած է բուհի ամենամյա հանդիսավոր այս ձեռնարկով, որը ինչ-որ կերպ պարտավորեցնում է ուսումնական տարին սկսել առավել պարտաճանաչ ու ժրաջան:

«Երբ օգտվում եք համացանցից, հեռուստատեսությունից կամ շրջում քաղաքում, վստահաբար նկատում եք, որ լավ ու բարի ժողովուրդն ունի մեկ կարևոր խնդիր՝ կրթվածության պակաս: Դուք ապագա մանկավարժներ եք, որ ունեք այդ խնդիրը լուծելու առաքելություն. դա մեծ պատասխանատվություն է»,- նշեց Գերաշնորհ հայրն ու որպես հոգևոր խրատ հավելեց՝ ապագան կերտող գալիք սերունդը պետք է լինի շատ ավելի պատրաստված ու կրթված:

Նա ուսանողներին հորդորեց ամբարել անսպառ գիտելիքներ, նվիրվել ուսուցչական աշխատանքին, քանի որ դպրոցն ապագայի դարբնոցն է. «Որքան հզոր լինի դպրոցը, որքան լավ պատրաստված լինեն մանկավարժները, այնքան շուտ կունենանք այն, ինչին այսօր կարոտում ենք»:

1-ին կուրսերի ուսանողներին շնորհավորեցին նաև բուհի դասախոսները՝ կոչ անելով ձեռք բերել գիտելիքներ, ունենալ ուսանողական լավ առօրյա և կազմակերպել հետաքրքիր ժամանց:

ՀՊՄՀ-ի Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանն այն կարծիքին է, որ այս օրը ուսանողները կհիշեն ընդմիշտ, քանի որ երդվելն ու այն կատարելը ամենակարևոր բանն է մարդու կյանքում: Կյանքի նոր շրջան թևակոխելու ճանապարհին պրոֆեսորը կոչ արեց լավ սովորել ընտրած մասնագիտությամբ, ձեռք բերել գիտելիքներ, ճանաչել անցյալը՝ ներկան ու ապագան ամուր կառուցելու համար:

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը մտաբերեց՝ կես դար է անցել այն օրից, երբ ինքն էր 1-ին կուրսում սովորում այն վստահությամբ, որ բնության ոսկե գիրքը գրված է մաթեմատիկայում: Խոստովանեց՝ սկզբում ավելի բարձրից էր նայում այլ մասնագիտություններին, մինչև համոզվեց, որ աշխարհում բնությունից բացի կա ավելի կարևոր բան՝ մարդու հոգևոր աշխարհը. «Հոգեկանից է կախված մարդու երջանկությունը, հասրակության համերաշխությունն ու միասնությունը, երկրի հզորությունը: Հոգեկանի ձևավորմանը նվիրված մասնագիտությանը ժողովուրդն ուսուցիչ նվիրական անունն է տվել»,-հավելեց պրոֆեսոր Միքայելյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հպարտությամբ է նշում, որ ինքը նույնպես Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ է: Վերջինս վստահ է՝ բուհում սովորելը հնարավորություն կընձեռի հենց այսօրվանից կյանքում փոխել շատ կարևոր հանգամանք՝ կրթվել:

Երդմնառության հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:
Աղբյուրը՝ aspu.am
2cfeb0c3d1d88d3dee

e40ef79b232b06c024

71356f9e8f624ff2f0