17 Nov

20883016_1626673424086925_1041045874308236287_nՍիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Երիտասարդների համաշխարհային օրը: Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։
Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է։ Երիտասարդները կառավարման և որոշումների ընդունման ոլորտում ունեն իրենց վճռական խոսքը, մասնագիտական դաշտում նրանք թարմություն են մտցնում, ստեղծարար մոտեցումներ ցուցաբերում, հասարակական կյանքում առաջամարտիկի դերում են։ Բայց ամենակարևորը՝ երիտասարդներն այսօր մեր ազգային անվտանգության երաշխավորներն են, սահմանին կանգնած ամուր ու հպարտ տղաները, ովքեր դեմ հանդիման հակառակորդին՝ գիշեր-ցերեկ պաշտպանում են հայրենի սահմանագիծն ու մեր անդորրը։ Շնորհավորում ենք բոլորին՝ աշակերտներին Այբբենարանի առաջին տառերը սովորեցնող երիտասարդ ուսուցչուհուն, մեր երկիրը կառուցող ու քարը քարին դնող երիտասարդ պատշարին, աշխարհին ամենաբարդ ծրագրային լուծումներն առաջարկող տեղեկատվական տեխնոլոգիաների մեր երիտասարդ մասնագետներին, հող մշակող երիտասարդ գյուղացուն, սահմանին ամեն վայրկյան հերոսություն գործող 18-20 տարեկան տղաներին։ Դուք մեր երկրի ապագան եք և պետք է կարևորեք այն պատասխանատվությունը, որ դրված է ձեզ վրա։
Մաղթում ենք բոլորիդ լինել համառ, պրպտուն, քաջ և ակտիվ: Հենց այս հատկանիշներն են, որոնց շնորհիվ դուք կերտելու եք մեր փառապանծ և հաղթանակած հայրենիքի ապագան: Այդ ձեր սերունդն է, որ կոչված է իր գիտելիքները, կարողություններն ու մտավոր ընդունակությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզոր Հայաստանի կառուցման գործին: