06 Dec

Տասը թիմեր, հետաքրքիր թեմաներ, պնդումներ, փաստեր և իհարկե ընկերական ու ջերմ մրցակցություն։ Շուրջ մեկ ամիս ֆակուլտետային թիմերը կիրթ բանավիճեցին,գիտելիքներ ու նոր հմտություններ ստացան,հաղթեցին ու պարտվեցին։ Այսօր տեղի ունեցավ միջֆակուլտետային մրցաշարի վերջին՝ եզրափակիչ խաղը, որին մասնակցելու իրավունք արդեն ձեռք էին բերել Բանասիրական և Պատմության և իրավագիտության ֆակուլտետների թիմերը։ Թիմերն արդեն իսկ անցել էին հետաքրքիր ու երկար ճանապարհ, նույնքան բազմաբովանդակ էր նաև նրանց ցուցադրած վերջին բանավեճը մրցաշարում։ Թիմերը բանավիճեցին «Պետության տնտեսությունը գերակա է բնության պաշտապնությունից» թեմայով, որում վիճակահանության արդյունքում Բանասիրական ֆակուլտետի թիմը պաշտապնեց «կողմ» դիրքորոշումը, իսկ ՊԻՖ-ի թիմը՝ «դեմ»։ Խաղը դատեցին երիտասարդության գծով ռեկտորի օգնական Ներսիկ Մարգարյանը, ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանը և «Բանավեճի ակումբի» նախագահ Մադլեն Մինասյանը։
Երկու կողմերն էլ խաղին պատրաստվել էին լավ, դուրս բերել իրենց դիրքորոշումն ամրապնդող պնդումներ և փաստեր։ Խաղի ընթացքում էմոցիաների, սուր հարցերի,բախումների պակաս չունեցանք։ Արդյունքների ամփոփմամբ 40-43 հաշվով բանավեճի միջֆակուլտետային մրցաշարի հաղթող ճանաչվեց Բանասիրական ֆակուլտետը։ Դատավորները մասնակիցներին հանձնեցին խրախուսական մրցանակներ։ Բարձր տրամադրությունը, հանդիսատեսի հետաքրքրությունը և մրցակցային, բայց դարձյալ ընկերական մթնոլորտը վկայեցին մրցաշարի ստացված լինելու մասին։